«Ժեստ» հոգեբանական կենտրոնը՝ ICAP 2026 միջազգային հոգեբանական համաժողովում

«Ժեստ» հոգեբանական կենտրոնը 2018 թվականից ի վեր հանդիսանում է աշխարհի ամենահեղինակավոր հոգեբանական գիտաժողովներից մեկի՝ ICAP (International Congress of Applied Psychology) միջազգային մասնագիտական համայնքի ակտիվ մասնակիցը։ Այս տարի ևս կենտրոնը պատվով ներկայացրեց Հայաստանը՝ հանդես գալով երկու գիտական զեկույցով և մասնակցելով  մասնագիտական քննարկումների: ICAP 2026-ի հանդիսավոր բացման արարողությունը կազմակերպված էր բացառիկ բարձր մակարդակով։ Համաժողովին մասնակցում էին ավելի քան 2000 հոգեբան, գիտնական և մասնագետներ աշխարհի տասնյակ երկրներից, ինչը ևս մեկ անգամ հաստատում է ICAP-ի համաշխարհային նշանակությունը հոգեբանական գիտության զարգացման գործում։ Այս հեղինակավոր հարթակում «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց կենտրոնի հերթական միջազգային ձեռքբերումը՝ արժանանալով գործընկերների բարձր գնահատականին։ Համաժողովի ընթացքում մեր պատվիրակությունը մասնակցեց կլինիկական և իրավաբանական հոգեբանության փոխկապակցվածությանը նվիրված մասնագիտական քննարկումներին։ Այս ոլորտների համագործակցությունն այսօր ունի բացառիկ կարևորություն՝ հոգեկան առողջության մասնագիտական գնահատման, դատահոգեբանական փորձաքննությունների, արդարադատության համակարգում հոգեբանական գիտելիքի կիրառման, ինչպես նաև խոցելի խմբերի պաշտպանության տեսանկյունից։ Համաժողովի շրջանակներում տեղի ունեցան նաև արդյունավետ մասնագիտական հանդիպումներ աշխարհի առաջատար գիտնականների հետ։ Ավստրալիացի պրոֆեսորի և «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Արկադի Մեհրաբյանի միջև ձեռք բերվեց համագործակցության նախնական պայմանավորվածություն, որի իրականացումը նախատեսվում է 2028 թվականին։ Մեր հիմնադիրները հանդիպում ունեցանք EFPA (European Federation of Psychologists’ Associations) կազմակերպության նախկին նախագահ, գերմանացի հոգեբանության պրոֆեսոր Քրիստոֆ Շտայնեբախի (Christoph Steinebach) հետ։ Արդեն ավելի քան չորս տարի շարունակվում է մեր մասնագիտական համագործակցությունը, փորձի փոխանակումն ու համատեղ քննարկումները։ Ինչպես յուրաքանչյուր տարի, այս անգամ ևս նա ընդգծեց, որ մեծ հետաքրքրությամբ սպասում է մեր նոր գաղափարներին և հետագա հանդիպումներին։ Առանձնահատուկ ջերմ էր մեր հիմնադիրների և Arthur C. Evans Jr.-ի և նրա տիկնոջ հետ ամենամյա հանդիպումը։ Դոկտոր Էվանսը 2017 թվականից հանդիսանում է Ամերիկյան հոգեբանների ասոցիացիայի (APA) գլխավոր գործադիր տնօրենը և գործադիր փոխնախագահը։ Ավելի քան հինգ տարվա ընթացքում ձևավորվել են ոչ միայն մասնագիտական, այլև անկեղծ մարդկային հարաբերություններ, որոնք շարունակում են ամրապնդվել յուրաքանչյուր հանդիպման ընթացքում։ ICAP 2026-ում ներկայացվեց նաև «Ժեստ» հոգեբանական կենտրոնի երկրորդ գիտական զեկույցը, որը ներկայացրեց կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը։ Զեկույցը նվիրված էր տրավմայի հետ աշխատանքի ժամանակակից գիտական մոտեցումներին և ներկայացնում էր հայկական հոգեբանական մտքի նորարարական մշակումը՝ ԱԻԾՀ մոդելը։ Գիտական աշխատանքը մշակվել և միջազգային մասնագիտական հանրությանը ներկայացվել է Մարիամ Մեհրաբյանի և Լուսինե Գրիգորյանի համահեղինակությամբ՝ ներկայացնելով Հայաստանի մասնագիտական փորձն ու գիտական ներուժը միջազգային հարթակում։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնը շարունակում է զարգացնել գիտելիքը, ընդլայնել միջազգային մասնագիտական համագործակցությունը և ներկայացնել հայկական հոգեբանական գիտության նվաճումները՝ հանուն ավելի գիտահեն, արդյունավետ և ժամանակակից հոգեբանական պրակտիկայի։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար