Ժեստ հոգեբանական կենտրոնի Արտաշատի մասնաճյուղի բացման արարողակարգ

Ք․ Արտաշատում սույն թվականի նոյեմբերի 15-ին, Նարեկացի կրթահամալիրի հարկի տակ բացվեց Ժեստ հոգեբանական կենտրոնի մասնաճյուղը։ Բացման արարողությունը սկսվեց աղ ու հացով, Ժեստ հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանի և Նարեկացի կրթահամալիրի ղեկավար Մերի Պետրոսյանի ողջույնի խոսքով։ Մարիամ Մեհրաբյանը ներկա հոգեբանական համայնքին ներկայացրեց Ժեստ հոգեբանական կենտրոնի պատմական ճանապարհը և Արտաշատում մասնաճյուղ բացելու անհրաժեշտությունը։ Կենտրոնն իր միջազգայնացման ճանապարհին մեծ ուշադրություն է դարձնում տարբեր մարզերում հայ հոգեբանական մտքի զարգացմանը և տարածմանը։  Ժեստ հոգեբանական կենտրոնի հոգեախտորոշման բաժնի ղեկավարը՝ Կիմա Գևորգյանը, հյուրերին ներկայացրեց մինչ հոգեբանական աշխատանքի սկիզբը հոգեբանական գնահատման անհրաժեշտությունը և հոգեբանական մեթոդիկաների կիրառելիությունը՝ ըստ խնդիրների և տարիքային առանձնահատկությունների։ Մանկան բաժնի հոգեբան Վարդինե Մեսրոպյանը խոսեց երեխաների մոտ առկա ակտուալ խնդրի, այն է՝ հեռախոսներից կախվածության և դրանց հաղթահարմանն ուղղված հոգեբանական մոտեցումների մասին, իսկ արատաբանական բաժնի հատուկ մանկավարժ Ժենյա Գևորգյանը ներկայացրեց հատուկ կարիք ունեցող երեխաների ծնողների հետ հոգեբանական աշխատանքի անհրաժեշտությունը՝ հաշվի առնելով վերջիններիս կողմից նկատվող խնդրի հանդեպ մերժողական վերաբերմունքը։ Ժեստ հոգեբանական կենտրոնի գործադիր տնօրեն Լուսինե Գրիգորյանը խոսեց քովիդյան և պատերազմյան շրջանի հոգեբանական աշխատանքի, ինչպես նաև Ժեստ հոգեբանական զինանոցի առցանց իրականացման անհրաժեշտության մասին։ 

Հանդիպմանը ներկա էին հոգեբաններ, լոգոպեդներ, ովքեր ևս իրենց ողջույնի խոսքն ուղղեցին Ժեստ հոգեբանական կենտրոնին և կարևորեցին Արտաշատում հոգեբանական կենտրոն բացելու անհրաժեշտությունը։ Յուրաքանչյուր ներկա մասնագետ ցնծում էր նման զարգացմամբ, որ քաղաք Արտաշատում հասանելի կլինեն նման արհեստավարժ ծառայություններ։ Բոլորն անմիջապես անցան աշխատանքի, ինչպես կատակեց Մ․Մեհրաբյանը․ <<Մինչև չաշխատենք ինչպես հարկն է, ոչ մի սուրճ>>։

Տոնին բնորոշ բոլոր կանոնները հավուր պատշաճին պահպանված էին, մեկնարկը համարում ենք ստացված։

Բարի երթ բոլորիս, թամբեք նժույգները։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար