Թալին/Ժեստ մասնաճյուղ

Ժեստ հոգեբանական կենտրոնի պատմությունը նշանավորվեց ևս մեկ կարևոր ձեռքբերումով՝ 02․09․2025թ-ին Թալին քաղաքում, Գայի 1 հասցեում, տեղի ունեցավ Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/«Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնաճյուղի բացումը։

Օրվա ընտրությունը խորհրդանշական էր․ սեպտեմբերի 2-ին հերոս Անդրանիկ Մանուկյանի երկնային ծնունդն է, ով 2020 թվականի հոկտեմբերի 21-ին անմահացավ Հադրութի շրջանի Դրախտիկ-Սղնախ հատվածում մղված կատաղի մարտերի ժամանակ։

Բացման արարողությունից առաջ ներկաները այցելեցին Թալինի պանթեոն, խնկարկեցին և ծաղիկներ խոնարհեցին մեր հերոսների հիշատակին։

Կենտրոնի բացման արարողությանը ներկա էին Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը, «Ժեստ» կենտրոնի հիմնադիրներ Արկադի և Մարիամ Մեհրաբյանները, կենտրոնի մասնագետները, հերոսի հարազատները, համայնքապետարանի աշխատակիցներ, թալինցիներ և հյուրեր։

Շնորհավորական խոսքով հանդես եկավ Թալին համայնքի ղեկավար Տավրոս Սափեյանը՝ հայտնելով իր ուրախությունը Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/«Ժեստ» հոգեբանական կենտրոնի մասնաճյուղի բացման առթիվ և հույս հայտնեց, որ թալինցիներին օգտակար կենտրոններ դեռ շատ կբացվեն։

Ելույթ ունեցան «Ժեստ» կենտրոնի հիմնադիրներ Արկադի և Մարիամ Մեհրաբյանները՝ շնորհակալություն հայտնելով համայնքի ղեկավարին և համայնքապետարանին՝ շենքի տրամադրման, վերանորոգման և մշտական աջակցության համար։

«Ուրախ ենք, որ հոգեկրթությանը տվեցիք մեծ նշանակություն։ Հոգեկրթության բոլոր ժամանակակից մոտեցումները լինելու են այստեղ՝ Անդրանիկ Մանուկյանի անվան Թալին/«Ժեստ» կենտրոնում», – իր խոսքում ընդգծեց Մարիամ Մեհրաբյանը։

Ներկաներին ողջունեց նաև դերասան և երաժիշտ Յուրի Մելիքովը։ Իր հույզերով ու կենտրոնի բացման նախապատմությամբ կիսվեց Անդրանիկ Մանուկյանի կինը՝ Աննա Գրիգորյանը։

Բացման արարողությունից հետո Թալինի համայնքապետարանի դահլիճում անցկացվեց գիտագործնական կոնֆերանս մասնագետների համար։ «Ժեստ» հոգեբանական կենտրոնի հիմնադիր Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց կենտրոնի գործունեությունը, մասնագետները հանդես եկան զեկույցներով։

Թալին/Ժեստն արդեն իրականություն է, մաղթենք նրան բարի երթ և Ժեստին բնորոշ անձնակենտրոն գործունեություն։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար