«Հոգեբանություն բժշկության մեջ․ մարդակենտրոն առողջապահություն և հոգեսոմատիկ հավասարակշռություն»

Վանաձորի Բժշկական Կենտրոնի կոնֆերանսների դահլիճում կայացավ «ԺԵՍՏ» հոգեբանական կենտրոնի և Վանաձորի Բժշկական Կենտրոնի համատեղ կազմակերպած գիտագործնական կոնֆերանսը՝ «Հոգեբանություն բժշկության մեջ․ մարդակենտրոն առողջապահություն և հոգեսոմատիկ հավասարակշռություն» խորագրով։ Միջոցառումը համախմբել էր հոգեբանների, բժիշկների, առողջապահության կազմակերպիչների և կրթական ոլորտի մասնագետների՝ քննարկելու առողջապահության համակարգում հոգեբանական գիտելիքների կիրառման, մարդակենտրոն մոտեցումների զարգացման և հոգեսոմատիկ առողջության արդիական հարցերը։ Կոնֆերանսի ընթացքում ներկայացված զեկույցները հիմնված էին ժամանակակից գիտական տվյալների, մասնագիտական փորձի և կիրառական աշխատանքի արդյունքների վրա՝ ընդգծելով, որ առողջապահության արդյունավետությունը հնարավոր չէ պատկերացնել առանց հիվանդի հոգեբանական առանձնահատկությունների, հուզական վիճակի և սոցիալական միջավայրի հաշվառման։ Մարիամ Մեհրաբյանի «Մասնագիտական այրումը (Burnout) և գործընկերային աջակցության մշակույթը» զեկույցը մեծ հետաքրքրություն առաջացրեց մասնակիցների շրջանում։ Նա ներկայացրեց մասնագիտական այրման հոգեբանական պատճառները, դրա ազդեցությունը բուժաշխատողների արդյունավետության վրա և գործընկերային աջակցության մշակույթի ձևավորման կարևորությունը։ Հատուկ ուշադրություն դարձվեց այն հանգամանքին, որ առողջապահական համակարգի կայունությունը մեծապես կախված է մասնագետների հոգեկան բարեկեցությունից։ Արկադի Մեհրաբյանի «Միջանձնային դինամիկա և թիմային մոտիվացիա սպորտային վերականգնման գործընթացում» զեկույցը նվիրված էր վերականգնողական աշխատանքներում թիմային միջավայրի հոգեբանական ազդեցությանը։ Ներկայացվեցին տվյալներ այն մասին, թե ինչպես են սոցիալական աջակցությունը, թիմային համախմբվածությունը և միջանձնային առողջ հարաբերությունները նպաստում վերականգնման արդյունավետությանը, մոտիվացիայի պահպանմանը և երկարաժամկետ արդյունքների ապահովմանը։ Լուսինե Գրիգորյանի «Անհանգստություն և վախ բուժման ընթացքում․ կառավարման մեթոդներ» թեմայով զեկույցը նվիրված էր հիվանդների հոգեբանական արձագանքներին հիվանդության և բուժման նկատմամբ։ Ներկայացվեցին անհանգստության կառավարման ժամանակակից մեթոդներ, որոնք նպաստում են բուժման գործընթացում հիվանդի ներգրավվածության, համագործակցության և հոգեկան կայունության բարձրացմանը։ Կիմա Գևորգյանի ներկայացրած «Բժիշկ-հիվանդ հաղորդակցման մոդելներ․ վստահության վերականգնում» զեկույցում քննարկվեցին բժշկական հաղորդակցության ժամանակակից մոտեցումները։ Ներկայացվեցին այն հոգեբանական մեխանիզմները, որոնց միջոցով ձևավորվում է հիվանդի վստահությունը բժշկի նկատմամբ, ինչպես նաև հաղորդակցման այն սխալները, որոնք կարող են խաթարել բուժական համագործակցությունը։ Զեկույցում ընդգծվեց, որ վստահելի հաղորդակցությունը հաճախ դառնում է բուժման հաջողության կարևորագույն նախապայման։ Նարինե Մանուկյանի «Բժշկական ծառայության էթիկան հիվանդի հոգեկան բարեկեցության տեսանկյունից» զեկույցում ներկայացվեց, թե ինչպես են մասնագիտական էթիկայի սկզբունքները ազդում հիվանդի հոգեբանական անվտանգության և բուժական գործընթացի նկատմամբ վստահության վրա։ Քննարկվեցին հիվանդի արժանապատվության, տեղեկացված համաձայնության և հարգալից վերաբերմունքի կարևորությունը ժամանակակից առողջապահական համակարգում։ Աննա Գրիգորյանի «Սթրեսի ազդեցությունը ֆիզիոլոգիական ցուցանիշների վրա» թեմայով զեկույցը ներկայացրեց սթրեսի ազդեցության գիտական հիմնավորումները մարդու օրգանիզմի տարբեր համակարգերի վրա։ Անդրադարձ կատարվեց սթրեսի և սրտանոթային, ներզատական ու իմունային համակարգերի գործունեության փոխկապակցվածությանը, ինչպես նաև հոգեսոմատիկ խանգարումների զարգացման մեխանիզմներին։ Արման Միքայելյանի «Ֆիզիկական ակտիվությունը որպես հակադեպրեսիվ գործոն» զեկույցում ներկայացվեցին ժամանակակից հետազոտությունների արդյունքները, որոնք վկայում են ֆիզիկական ակտիվության դրական ազդեցության մասին մարդու հոգեկան առողջության վրա։ Նշվեց, որ կանոնավոր շարժողական ակտիվությունը նպաստում է սթրեսի նվազեցմանը, տրամադրության բարելավմանը և դեպրեսիվ դրսևորումների կանխարգելմանը։ Կոնֆերանսը դարձավ մասնագիտական երկխոսության կարևոր հարթակ՝ ընդգծելով, որ առողջապահության ապագան հիմնված է կենսաբանական, հոգեբանական և սոցիալական բաղադրիչների ամբողջական դիտարկման վրա։ Ներկայացված զեկույցները վերահաստատեցին, որ մարդակենտրոն առողջապահությունը ժամանակակից բժշկության զարգացման կարևոր ուղղություններից է, որտեղ հիվանդի հոգեկան բարեկեցությունը դիտարկվում է որպես բուժման անբաժանելի մաս։

Հետ
x
Պատվիրել զանգ
Շնորհակալություն հայտի համար