Վանաձորի պետական համալսարանում տեղի ունեցավ գիտագործնական կոնֆերանս՝ «Ժամանակակից հոգեբանություն և մարդակենտրոն զարգացում․ ընտանիք, կայունություն և հասարակություն» խորագրով, որին ներկա էին Վանաձորի Պետական Համալսարանի ուսանողներն ու դասախոսները։ Կոնֆերանսի հիմնական նպատակը ժամանակակից հասարակության առջև ծառացած հոգեբանական մարտահրավերների գիտական վերլուծությունն էր, ինչպես նաև ընտանիքի, անհատի և հասարակության կայուն զարգացմանը նպաստող արդյունավետ մոտեցումների քննարկումը։
Միջոցառումը մեկնարկեց Մարիամ Մեհրաբյանի ողջույնի և բացման խոսքով, որի ընթացքում վերջինիս կողմից ներկայացվեց կոնֆերանսի նպատակը, ակնկալվող արդյունքները՝ ընդգծելով գիտության և պրակտիկայի համադրման անհրաժեշտությունը հոգեբանական խնդիրների լուծման գործում։ Կոնֆերանսի ընթացքում ներկայացվեցին մի շարք արդիական և գիտական հետաքրքրություն ներկայացնող զեկույցներ։
Մարիամ Մեհրաբյանը ներկայացրեց զույգերի հաղորդակցման առանձնահատկությունները, կոնֆլիկտների առաջացման հոգեբանական նախադրյալները և դրանց հաղթահարման արդյունավետ մեխանիզմները՝ շեշտադրելով փոխադարձ հարգանքի, ակտիվ լսման և հուզական գրագիտության կարևորությունը։
Լուսինե Գրիգորյանը ներկայացրեց Լոռու մարզում իրականացված հետազոտությունների արդյունքները, որոնք բացահայտում են, թե ինչպես են պատմական, սոցիալական և ընտանեկան տրավմաները փոխանցվում սերունդներին՝ ազդելով անհատների վարքագծի, ինքնընկալման և սոցիալական ադապտացիայի վրա։
Թեհմինե Խաչատրյանի զեկույցը նվիրված էր ժամանակակից ընտանիքում ծնողական դերի վերափոխումներին և դրանց ազդեցությանը երեխայի հոգեբանական զարգացման, հուզական անվտանգության և կայունության ձևավորման գործընթացների վրա։
Աննա Գրիգորյանն անդրադարձավ վերջին տարիներին հայ ընտանիքներում տեղի ունեցած սոցիալական փոփոխություններին՝ ներկայացնելով արտագաղթի, պատերազմի և հարկադիր տեղաշարժերի հետևանքով առաջացած հոգեբանական և հարաբերական մարտահրավերները։
Արկադի Մեհրաբյանը ներկայացրեց ընտանեկան բռնության կանխարգելման ոլորտում իրավական և հոգեբանական մեխանիզմների փոխլրացնող նշանակությունը։ Զեկույցում ընդգծվեց, որ խնդրի արդյունավետ լուծումը պահանջում է ոչ միայն իրավական արձագանք, այլև կանխարգելիչ, կրթական և հոգեբանական միջամտությունների համակարգված կիրառում՝ ուղղված առողջ ընտանեկան հարաբերությունների ձևավորմանը և հասարակության հոգեբանական անվտանգության ամրապնդմանը։
Զեկույցներին հաջորդեց ակտիվ քննարկում, որի ընթացքում մասնակիցները հնարավորություն ունեցան ներկայացնելու իրենց դիտարկումները, հարցադրումները և մասնագիտական փորձը։ Բանավեճի ընթացքում առանձնակի ուշադրություն դարձվեց ընտանիքի ինստիտուտի ամրապնդման, հոգեկան առողջության պահպանման, երեխաների բարեկեցության և համայնքային կայունության հարցերին։
Կոնֆերանսի ավարտին բոլոր մասնակիցներին հանձնվեցին մասնակցության վկայականներ՝ որպես գիտական և մասնագիտական համագործակցության կարևորության գնահատման խորհրդանիշ։
Հետ